2017 թվականին մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում ավելի է վատթարացել: Turan-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քաղաքացիական հասարակության պլատֆորմի» քաղաքական փորձագետ Նասիմի Մամեդլին: Ըստ նրա՝ Ադրբեջանում ավարտվող տարում որեւէ ոլորտում առաջընթաց չի գրանցվել:

«Տարին հիշվել է միջազգային կոռուպցիոն սկանդալով, երկրից փողերի ապօրինի դուրսբերմամբ, ինչպես նաեւ մեկ այլ կարեւոր կետով` իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության խաթարմամբ: Շատ դժվար է դարձել կառավարել երկիրը ոչ ուժային ճանապարհով»,- ասել է Մամեդլին:

Բյուջեն նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է: Գործազրկության, աղքատության մակարդակը բարձրացել է, գները եւ ծախսերը աճել են, ընդ որում՝ եկամտի կրճատման պայմաններում: Հասարակությունը էլ ավելի է բեւեռացվել. նրա մի փոքր մասը հարստացել է, իսկ մեծ մասը՝ աղքատացել:

«Իրավունքներն ու օրենքները կիրառվում են երկակի ստանդարտների ռեժիմով. երկրից միլիարդներ դուրս բերողները չեն պատժվում, իսկ չնչին հանցանք գործած, անմեղ կամ զրպարտված մարդիկ զրկվում են ազատությունից 10 կամ ավելի տարով: Այս տարվա ընթացքում մտավորականները շարունակում էին լքել երկիրը: Արտերկրում կրթություն ստացած երիտասարդները արագորեն հիասթափվում են եւ կրկին հեռանում երկրից»,- շարունակել է Մամեդլին:

«Ադրբեջանի իշխանությունների  ներսում եւս լարվածություններ եւ հակասություններ կան: Հին կանոններով կառավարելը դժվար է դարձել: Իշխանությունների վերաբերմունքը ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ եւս չի փոխվել: Իշխանությունները այդ հարաբերությունները դիտարկում են իրենց սեփական շահերի տեսանկյունից»,- ավելացրել է նա: