2017-ին ԱԱԾ մարմիններն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսեւորել են պահանջվող պատրաստվածություն : Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված իր ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ եւ համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մեր հասարակության եւ պետության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ անձնվեր աշխատանքի, մեր երկիրն աղետաբեր չարագործություններից զերծ պահելու գործում ձեր դերակատարության եւ ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար:

Ցավոք, վերջին տասնամյակներում տարածաշրջանում եւ աշխարհում տիրող իրավիճակը շարունակաբար ուղեկցվում է զազրելի ոտնձգություններով, հատկապես ահաբեկչական բնույթի դաժան հանցագործություններով: Նման պայմաններում դուք կարողանում եք բարձր պահել մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի եւ անվտանգության պահապանի կոչումը: Դուք ժամանակին համահունչ զարգացնում եք ձեր աշխատանքը՝ զսպելով վտանգավոր զարգացումները:

2017 թվականի ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսեւորեցին պահանջվող պատրաստվածություն: Ավելին՝ ԱԱԾ մարմինները, վերահսկելով օպերատիվ իրավիճակը, թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետեւանքներ առաջացնեն Հայաստանի պետականության եւ սահմանադրական կարգի համար:

Միեւնույն ժամանակ, ազգային անվտանգության մարմինների ղեկավարությունն ու անձնակազմը ամենօրյա շարունակական աշխատանք են իրականացրել սահմանադրական բարեփոխումների իրագործման անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Այդ աշխատանքների շրջանակում առաջիկա տարում կհստակեցվի նաեւ Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը:

Հարգելի՛ պարոնաք գեներալներ եւ սպաներ,

Հարգարժա՛ն վետերաններ,

Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հետագա զարգացումը: Ավելին՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի բոլոր ուղղություններով իրականացվող այդ աշխատանքները համապատասխանեն ժամանակակից առաջատար հատուկ ծառայությունների չափանիշներին:

Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովրդի եւ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու վեհ գործի: