Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երեւանում է գտնվում հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպական խորհրդարանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգանում եւ ընդլայնվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի եւ երկխոսության զարգացումը, խորհրդարանականների ակտիվ փոխայցելությունները՝ առանձնահատուկ ընդգծելով խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձեւաչափը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղեկացված է հանձնաժողովի երեւանյան նիստի բովանդակալից օրակարգի մասին եւ հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն տարբեր բնագավառներում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության խորացմանը: Նախագահը կարեւորել է հանձնաժողովի կողմից ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումների, այդ թվում՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը տրված բարձր գնահատականը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշման արտահայտումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցությանը:

Հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության, միջխորհրդարանական ձեւաչափով համագործակցությանը տված գնահատականի եւ իրենց հետ հանդիպումների ժամանակ անկեղծ ու բաց երկխոսության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ընդունված հայտարարության դրույթներին, ինչպես նաեւ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին օրենսդրական դաշտում եւ մի շարք ուղղություններով բարեփոխումների մասով:

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաեւ խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: