Տնտեսական տարին ամփոփում ենք բավական գորշ թվերով. թեեւ 2010-ի 11 ամիսների ընթացքում տնտեսությունն, ընդհանուր առմամբ, աճել է 2,6 տոկոսով, սակայն աճը ոչ թե տնտեսական զարգացման հետեւանք է, այլ որոշ ոլորտներում վերականգման գործընթացների արդյունք։ Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

«Իհարկե, եթե խոսելու լինենք նորմալ երկրների մասին, 2,6 տոկոսը լավ կամ հիասքանչ թիվ կարող ենք համարել, սակայն հայաստանյան իրողության մեջ պետք է հիշենք, թե  այս աճի ելակետը որն էր։ Իսկ ելակետն անցած տարվա բավականի մեծ՝ 14,4 տոկոս անկումն էր։ Վերջին 2 տարիներին մեզ մոտ անկումը կազմել է երկնիշ թիվ՝ շուրջ 12 տոկոս»,- ասաց Ասատրյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ներկայումս տնտեսությունը խորը դեպրեսիոն վիճակում է գտնվում։

«Այս վիճակից դուրս գալու համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն իշխանությունները չեն մտածում այս մասին։ Հիվանդությունները հայտնի են՝ թիվ 1 խնդիրը կաշառակերությունն է, մենաշնորհային-օլիգարխիկ կամ քրեականացված տնտեսական համակարգը, սակայն այդ ամենի դեմ պայքար չի իրականացվում»,-նշեց տնտեսագետը։

Ամփոփելով՝ Ասատրյանն ասաց. «Ընդհանուր արտաքին միջավայրի ազդակները դրական են։ Հարցը նրանում է, թե մենք ի վիճակի՞ ենք գտնել այն մոդելը, որը մեր երկիրն այս վիճակից կհանի։ Ցավով ասում եմ, որ մինչեւ հիմա այդ մոդելը չի գտնվել եւ առաջիկայում էլ դեռ չի գտնվի»: