Ավստրալական Մելբուրնի քաղաքային իշխանությունները հետաձգել են նախատեսված ամանորյա լուսային շոուները՝ ի նշան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած վրաերթի տուժածների հանդեպ սոլիդարության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանը:

«Ֆլինդերս փողոցի վրա տեղի ունեցած սարսափելի միջադեպից հետո մենք հետաձգել ենք այսօր ամբողջ քաղաքում, ինչպես նաեւ Դոկլենդս թաղամասում, նախատեսված ամանորյա լուսային շոուները: Մեր մտքերը բոլոր տուժածների հետ են»,- նշվում է Մելբուրնի քաղաքապետարանի թվիթերյան էջին արված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 21-ին Ավտրալիայի Մելբուրն քաղաքի Ֆլինդերս փողոցի վրա՝ տեղական ժամանակով ժամը 16.30-ին: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ավտոմեքենայի վարորդը եւ եւս մեկ անձ ձերբակալվել են:

 

Մելբուրնում վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 15-ի