2010 թվականին որեւէ էական բարելավում չկա եւ իշխանության ներկայացրած թվերով տարին կամփոփվի 2-2,5 տոկոս տնտեսական աճով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Կառավարությունը կգովա իրեն, ընդդիմությունը՝ կքննադատի, իսկ ավելի իրատես տնտեսագետները կասեն, իրոք, լավ չի, քանի որ օրինակ նախորդ տարի աշխարհում անկումը կազմեց 2 տոկոս, Հայաստանում՝ 14 տոկոս: Այս տարի աշխարհի տնտեսությունն աճում է 4 տոկոսով, Հայաստանինը՝ 2: Եվ այս պայմաններում պետությունը գովում իր անկումը»,- նկատեց Բագրատյանը:
«Մենք չենք տեսել ոչ մի քայլ առաջ բարեփոխումների իմաստով: Նույնիսկ ՀԴՄ կտրոնների կիրառումը չի գործում: Փորձեք մոտենալ «Միկա» բենզակայանին եւ կտրոն ուզել... հետեւանքների համար ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա:
Բագրատյանը նշեց նաեւ, որ թեեւ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 2,5 հազար դրամով՝ հասնելով 32,5 հազարի, սակայն դա չի ենթադրում, որ մարդկանց աշխատավարձը կբարձրանա:
Անդրադառնալով 2011 թվականի բյուջեին, Բագրատյանն ասաց. «Եկող տարվա բյուջեն 850 մլրդ դրամ է, սակայն քանի որ 26 տոկոս գնաճ է եղել, նշանակում է, որ եկող տարվա բյուջեն ավելի ցածր է, քան 2009-ի բյուջեն, թեեւ 2009-ին 760 միլիարդ դրամ է եղել: Եվ դա էլ դեռ պիտի կատարվի»:




























