Շուրջ 2.5 ամսվա ընդմիջումից հետո ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստ է նշանակվել:
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատավոր Դավիթ Բալայանը հերթական նիստի օր է նշանակել հունվարի 16-ին: Սա նշանակում է, որ հիվանդության պատմագրի ռուսերեն գրառումների թարգմանությունները ստացվել են:
Նշենք, որ երկրորդ անգամ էր, որ այս գործով ռուսերեն փաստաթղթերն ուղարկվել էին թարգմանության: Առաջին անգամ հուլիսի 25-ին ուղարկված թարգմանությունը ստացվել էր հոկտեմբերի սկզբին եւ պարզ էր դարձել, որ դրանք ամբողջությամբ թարգմանված չեն: Փաստաթղթերը երկրորդ անգամ ուղարկվեցին թարգմանության: Մեր տեղեկություններով, սակայն, բժիշկները մեծ դժկամության են գնացել թարգմանչական կենտրոն եւ վերծանել իրենց ձեռագիրը: Ավելին, ամբաստանյալներից Շուշանիկ Բախշյանը մինչեւ վերջ հրաժարվել է գնալ եւ ընթերցել իր ձեռագիրը: Հայտնի չէ՝ արդյոք դատարան ուղարկված թարգմանություններն ամբողջական են, թե ոչ:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը եւ նրա նորածինը մահացել են 2015թ. հուլիսին: Նրա եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը եւ Անի Բաբելյանը:




























