Այս տարին հաջողակ էր Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության առումով: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ Երեւանին հաջողվեց առաջ տանել արտաքին քաղաքականության իր հիմնական օրակարգը, ինչպես նաեւ ամրապնդել իր դիրքերը գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերում:
«2017 թվականը դարձավ Հայաստանի անվտանգության համակարգի ամրապնդման տարի, եւ դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը մեծ դերակատարություն ունեցան այս հարցում»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ անվտանգության համակարգի ամրապնդումը պայմանավորված է Երեւանի հիմնական դաշնակից Մոսկվայի հետ տարբեր պայմանագրերի ստորագրմամբ:
Միեւնույն ժամանակ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծեց Եվրամիության հետ համագործակցության զարգացման կարեւորությունը, որը տեղափոխվել է նոր մակարդակի վրա: Արմեն Աշոտյանը կարծում է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր դեր է խաղացել Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների եւ նրա ապագա տնտեսական զարգացման տեսանկյունից:




























