Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է հյուրին բանկի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ պետական համակարգում, ինչպես նաեւ մասնավոր հատվածում պարոն Բելյանինովն իր երկարամյա եւ հարուստ փորձը կծառայեցնի եվրասիական տարածքում բանկի դերի ամրապնդմանն ու մասնակից պետություններում նոր զարգացման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման Հանրապետության Նախագահը եւ Անդրեյ Բելյանինովը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ համագործակցության խորացման, ներդրումների ներգրավման ու բանկի զարգացման հեռանկարները:

Նշելով, որ հայաստանյան իր այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ վարչապետի ու ֆինանսների նախարարի հետ եւ բավականաչափ տեղյակ է Հայաստանի տնտեսության զարգացման տպավորիչ տեմպերի մասին, Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահն ընդգծել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը: