Ավստրալական դատարանը Մելբուրնի կենտրոնում վրաերթ իրականացրած վարորդի դեմ մեղադրանք է ներկայացրել սպանության փորձի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածյալի շարժառիթները դեռեւս հետաքննվում են, սակայն ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալվածը տառապում է հոգեկան խանգարումից: Միեւնույն ժամանակ, ոստիկանությունը միջադեպը  ահաբեկչության հետ դեռ չի կապում, սակայն հաստատում է, որ վրաերթը դիտավորյալ էր: Կասկածյալի գործով հաջորդ դատական նիստը կկայանա չորեքշաբթի օրը:

Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի Մելբուրնի կենտրոնում սպիտակ ջիփը բարձր արագության տակ վրաերթի էր ենթարկել հետիոտներին: Միջադեպի հետեւանքով 19 մարդ էր տուժել, որոնցից 3-ը մինչ այժմ գտնվում են ծանր վիճակում: Տուժածների թվում կան Հարավային Կորեայի, Չինաստանի, Հնդկաստանի, Վենեսուելայի, Իռլանդիայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացիներ: Ոստիկանությունը միջադեպից մի քանի րոպե անց ձերբակալել էր վարորդին, բացի այդ, ձերբակալվել էր նաեւ տեսախցիկով միջադեպը նկարահանող անձը:

Մելբուրնում վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 15-ի

Մելբուրնում տեղի ունեցած վրաերթի ժամանակ քաղաքի բնակիչները ամանորյա գնումների էին դուրս եկել. Ականատես