Փաստաբան Տիգրան Հայրապետյանը արդարադատության խորհրդից պատասխան է ստացել, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի  վարքագծում այնպիսի արարք չկա, որ որպեսզի նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ դեռ ամռանը Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել էր Սերժ Սարգսյանին, արդարադատության խորհրդին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին եւ ՄԱԿ-ում մարդու իրավունքներով զբաղվող պաշտոնատար անձին՝ խնդրելով ուսումնասիրել  այդ գործով նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կատարած իրավական խախտումներին եւ դադարեցնել նրա լիազորությունները։

Տիգրան Հայրապետյանն մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ սպասում է պատասխանների այն մարմիններից, որոնց դիմել է. «Ոչ նախագահականից, ոչ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարից, ոչ էլ ՄԱԿ-ում մարդու իրավունքներով զբաղվող պաշտոնատար անձից, ոչ մի տեղից պատասխան չեմ ստացել։ Եվրոպայի խորհրդից ինձ հավաստիացրել են, որ թարգմանել են իմ դիմումը եւ ուղարկել են մարդու իրավունքի հանձնակատարին։ Դեռ սպասում եմ պատասխանների»։

Հիշեցնենք, որ Տիգրան Հայրապետյանը իր դիմումի մեջ նշել էր, որ միեւնույն իրավիճակում Տաթեւիկ Գրիգորյանը տարբեր վարքագիծ է դրսեւորում եւ տարբեր որոշումներ կայացնում: Նիստերի ժամանակ դատավորը չի դրսեւորում համեստություն, հանդուրժողականություն, զսպվածություն, ողջախոհություն:

«Դատավորը հարյուրավոր անգամներ խախտել է օրենքը, ոտնահարել քրեական դատավարության գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները, խախտել դատավարության մասնակիցների իրավունքները եւ գրեթե զրոյացրել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ»,- նշված է դիմումում: