Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ից Ուկրաինային մահացու սպառազինության տրամադրումը «ռուսական ագրեսիայի վիրուսից տրանսատլանտյան պատվաստում» է անվանել: Այս մասին Պորոշենկոն գրել է իր Facebook-ի էջում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Ինչպես եւ պայմանավորվել էինք նախագահ Թրամփի հետ առանց ավելորդ աղմուկի, հանգիստ Ուկրաինան ԱՄՆ-ից մահացու պաշտպանական զենք կստանա: ԱՄՆ վարչակազմի այս երկար սպասված եւ սկզբունքային որոշումը հաստատվեց երեկ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ զրույցի ժամանակ», - նշել է նա:
Նա Ուկրաինայի ամերիկացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել:
«Շնորհակալ եմ նախագահ Դոնալդ Թրամփի լիդերության, մեր ամերիկացի գործընկերների հստակ դիրքորոշման համար: Այս քայլը ՌԴ դեմ պատժամիջոցնմերի հետ միասին արժանի պատասխան է ուկրաինական տարածքի օկուպացմանը, Մոսկվայի կողմից իր պարտականությունները չկատարելուն եւ Դոնբասը ծանր զենքով լցնելու շարունակությանը», - գրել է նա:
Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կհաղթի:
Պաշտպանական փաթեթի ընդհանուր արժեքը 47 մլն դոլար կկազմի: Այն կներառի 210 հակատանկային հրթիռ եւ 35 արձակման զենք:
Պետդեպարտամենտում նշել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «ուժեղացված պաշտպանական ներուժ» կտրամադրի:
Միեւնույն ժամանակ, Պետդեպարտամենտը չի նշել, թե ինչ «ուժեղացված պաշտպանական ներուժի» մասին է խոսքը: Սպիտակ տան որոշման մասին տեղեկատվության հրապարակումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն «անցել է գիծը» եւ «պատերազմ է բորբոքում»:




























