Արդեն 7-րդ օրը հացադուլի  մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանն անդրդվելի է, շարունակելու է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը: Նշենք, որ Արմեն Բիլյանը պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ։

«Չնայած,  որ Բիլյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, անդրդվելի է, ոչ մի կերպ չենք կարողանում համոզել` դադարեցնի հացադուլը: Նա շարունակելու է հացադուլը` մինչեւ պատշաճ հետազոտությունների չենթարկվի»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից հանձնաժողով է եկել, որպեսզի պարզեն Արմեն Բիլյանի առողջական վիճակը. «Մի երկու հարց են տվել, ճնշումն են չափել, թողել գնացցել են: Մի խոսքով` լրիվ ձեւական»:

Արմինե Ֆանյանը նաեւ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրին ուշադրություն դարձնելու համար:

Նշենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով: Արմեն Բիլյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: