Տեղեկությունները, թե ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին «մեկուսացրել են խոնավ, ցուրտ եւ չջեռուցվող խցերում»` իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գործում է կենտրոնացված ջեռուցում, եւ բոլոր խցերում պահպանվում է բնակության համար պատշաճ սենյակային ջերմաստիճան»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շտապ հաղորդագրություն են տարածել, որում ասված է. «Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող երկու հացադուլավոր Սասնա Ծռերը՝ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը, պահվում են անմարդկային պայմաններում։
Նրանց մեկուսացրել են խոնավ, ցուրտ եւ չջեռուցվող խցերում, իսկ փաստաբանների դիմումին դեռ պատասխան չի տրվել ոչ ՔԿՀ-ի եւ ոչ էլ ՔԿՀ-ների վարչության կողմից։
Իսկ այսօր Սմբատ Բարսեղյանին ՔԿՀ-ն մերժել է բրդյա վերմակ փոխանցել։ Սա ոչ այլ ինչ է, քան խոշտանգում հացադուլի մեջ գտնվող ապստամբների նկատմամբ»:
Նշենք, որ Արմեն Բիլյանը ավելի քան 7 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նշենք, որ Արմեն Բիլյանը պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ։



























