Արմավիրի մարզում տրակտորով 13-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 31-ամյա Սրապը դատապարտվեց պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Սրապն օգոստոսի 30-ին Վանանդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին, խախտելով ՃԵԿ կանոնները, տրակտորի կցասայլի կցորդիչի վրա նստած փոխադրել է 13-ամյա Սուրենին: Ընթացքի ժամանակ 13-ամյա տղան ընկել է, ինչի հետեւանքով Սրապը վրաերթի է ենթարկել նրան եւ անզգուշությամբ պատճառել մահ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սրապին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու։ Դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. օգոստոսի 30-ին ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Վանանդ գյուղից Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխային վրաերթի է ենթարկել 31-ամյա Սրապը տրակտորին կցված կցորդով: