Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը մի հեռուստաընկերության եթերով խոսել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վերադարձի անհրաժեշտությունից։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը նշել է, որ Աբդուլլահ Գյուլը եղել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ստեղծողներից եւ շատ բան է տեղյակ Թուրքիայից։ «Կուսակցությունից Գյուլի հեռանալուց հետո կուսակցությունում շեղվել են հիմնական սկբունքներից։ Այս պահին Թուրքիան ունի Աբդուլլահ Գյուլի կարիքը, նա պետք է պատասխանատվություն ստանձնի»,-ասել է Կարո Փայլանը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը առաջին անգամ քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը՝ շեշտելով, որ այն հղի է բազմաթիվ վտանգներով։

Իշխանությունները արձագանքեցին այդ հայտարարությանը՝ շեշտելով, թե Գյուլը պարզապես 2019-ի ընտրություններից առաջ նախընտրական քայլ է անում։