6 օրվա ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած օդային հարվածները հանգեցրել են Եմենի 143 խաղաղ բնակչի մահվան: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Լիզ Թրոսելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ նրա՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած օդային հարվածների հետեւանքով դեկտեմբերի 22-ից դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում 237 խաղաղ բնակիչ է տուժել.143-ը սպանվել է, 94-ը՝ վիրավորվել:

Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որին մի կողմից մասնակցում են «Անսար Ալլա» շիական շարժման հուսի ապստամբները, մյուս կողմից՝ Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի իշխանական զորքերը:

Օդում եւ ցամաքում երկրի իշխանություններին աջակցում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, իսկ հուսիներին մինչեւ վերջերս օգնում էին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհին  հավատարիմ զինվորականները: Նոյեմբերի վերջին հուսիների եւ Սալեհի միջեւ հակամարտություն էր սկսվել, որի արդյունքում դեկտեմբերի 4-ին հուսիների հետ փոխհրաձգության ժամանակ Սալեհը սպանվեց: