Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի օդուժի ռմբակոծման հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al Mayadeen ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Սաադայի նահանգում, օդային հարվածները հասցվել են բնակելի վայրերի ուղղությամբ: Նշվում է, որ մահացածների թվում կանայք եւ երեխաներ կան:
Հիշեցնենք, որ Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որին մի կողմից մասնակցում են «Անսար Ալլա» շիական շարժման հուսի ապստամբները, մյուս կողմից՝ Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի իշխանական զորքերը:
Օդում եւ ցամաքում երկրի իշխանություններին աջակցում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, իսկ հուսիներին մինչեւ վերջերս օգնում էին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհին հավատարիմ զինվորականները: Նոյեմբերի վերջին հուսիների եւ Սալեհի միջեւ հակամարտություն էր սկսվել, որի արդյունքում դեկտեմբերի 4-ին հուսիների հետ փոխհրաձգության ժամանակ Սալեհը սպանվել էր:



























