«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալների  ոչնչացման աշխատանքները կշարունակվեն 2018 թվականի ողջ առաջին եռամսյակի ընթացքում: Նման կարծիք է հայտնել  ԱՄՆ նախագահի ԻՊ ցանցի դեմ պայքարում այլ երկրների հետ փոխգործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգուրկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի 74 անդամներին հասցեագրված ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած  նամակում նա ընդգծել է, որ Սիրիայում շարունակվում են ԻՊ-ի զինյալների դեմ մարտերը: «Մենք ակնկալում ենք, որ այդ գործողությունները կշարունակվեն 2018 թվականի առաջին եռամսյակում։ Այնուհետեւ մենք կկենտրոնացնենք մեր ջանքերը Սիրիայում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,-նշել է հատուկ ներկայացուցիչը:

Մաքգուրկի խոսքով՝ «Միացյալ Նահանգները պատրաստ է մնալ Սիրիայում այնքան, մինչեւ մենք համոզված լինենք, որ ԻՊ զինյալները լիովին ոչնչացված են, կայունացման ջանքերը չեն դադարեցվի, Ժնեւի քաղաքական գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել, որը ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւի կատարմանը, որը վերջիվերջո պետք է հանգեցնի ՄԱԿ-ի վերահսկողության ներքո սահմանադրական բարեփոխումների եւ ընտրությունների անցկացմանը»:

Պենտագոնի գնահատականներով՝ Սիրիայում եւ Իրաքում դեռեւս գտնվում են մոտավորապես 1000 ԻՊ զինյալներ:

Ավելի վաղ Մաքգուրկը նշել էր, երկու տարի առաջ Սիրիայում եւ Իրաքում 110 երկրներից եկած ավելի քան 40.000 զինյալներ էին հաշվվում:

Պենտագոնի ինտերնետային կայքում նշված է, որ 2014 թ. օգոստոսի 8-ին սկսված ԻՊ- ի դեմ պայքարի Inherent Resolve («Անսասան վճռականություն») գործողությունների համար ամերիկյան ծախսերը այս տարվա հունիսի վերջին կազմել են 14,3 մլրդ դոլար: Այդ նպատակների համար օրական ծախսվում  է  13.6 մլն դոլար: