Ճապոնիայի կառավարությունը Չինաստանին ու Հարավային Կորեային առաջարկում է հաջորդ տարվա ապրիլին եռակողմ գագաթաժողով անցկացնել: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությանը:
Նշվում է, որ ճապոնական կողմն առաջարկում է եռակողմ հանդիպումն անցկացնել ապրիլի 4-9-ը, սակայն Չինաստանը դեռ դրական պատասխան չի տվել: Հարավային Կորեան, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել ապրիլին նման հանդիպում անցկացնելու համար:
Ավելի վաղ այս ամսվա սկզբին հայտարարվել էր, որ Ճապոնիայի կառավարությունը ձգտում է եռակողմ գագաթաժողովն անցկացնել 2018-ի հունվարին: Վարչապետ Սինձո Աբեն հանձնարարել էր համապատասխան գերատեսչություններին պատրաստել այն ամենը, ինչն անհրաժեշտ է դրա համար:
Նման շտապողալկանությունը պայմանավորված էր Հյուսիսային Կորեայի հարցով որքան հնարավոր է շուտ Սեուլի եւ Պեկինի հետ դիրքորոշումները համաձայնեցնելու Տոկիոյի ցանկությամբ:
Նախորդ նման գագաթաժողովը կայացել էր 2015-ին Սեուլում: Ըստ ծրագրի համանման հանդիպում պետք է տեղի ունենար նաեւ անցյալ տարի, սակայն Կորեայի հանրապետությունում քաղաքական անկայունության պատճառով այն հետաձգվեց:
Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի միջեւ եռակողմ բարձր մակարդակի բանակցություններն անցկացվում են 2008 թվականից: Ներկա պահին արդեն 6 նման հանդիպում է տեղի ունեցել:




























