Արգենտինայում 12 տարվա ազատազրկման են դատապարտել այն տղամարդուն, որը 22 տարի բռնաբարել էր իր դստերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Քննության տվյալներով՝ 56-ամյա Դոմինգո Բուլասիոն սկսել էր բռնաբարել դստերը, երբ վերջինն ընդամենը յոթ տարեկան էր։ 22 տարվա ընթացքում աղջիկը նրանից ութ երեխա է լույս աշխարհ բերել։

«Ես միակը չեմ եղել, նա ուներ ազգականներ, որոնք նույն բանն էին անում իրենց քույրերի ու դուստրերի հետ»,- ասել է դատարանում կինը։

Դատավարության ընթացքում հարցաքննվե լ է մոտ 50 ականատես, այդ թվում մեղադրյալի ազգականները, որոնք գիտեին, թե ինչ էր տեղի ունենում նրա ընտանիքում։

Արգենտինացու հանցագործությունների մասին հայտնի էր դարձել, երբ նրա դուստրը կրտսեր որդուն բուժկենտրոն էր տարել ու պատմել բժիշկներին, թե ով է նրա հայրրը։ Հետագայում նրա ասածները հաստատվել են ԴՆԹ թեստերով։

Բուլասիոն 45 օրվա ընթացքում թաքնվում էր արդարադատությունից իր ազգականների տանը, բայց ի վերջո նրան ձերբակալել են։