Կահիրեի քրեական դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին երեք տարվա ազատազրկման է դատապարտել երկրի դատական իշխանությունը վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է եգիպտական դատախազության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  

Նրա խոսքով՝ դատարանը որոշում է կայացրել երեք տարով ազատազրկել Մուրսիին «դատական իշխանություններին վիրավորելու, դրա ներկայացուցիչների վրա անհիմն հարձակումների համար, որոնց նպատակն էր տարածել ատելություն ու անհանդուրժողականություն Եգիպտոսի դատական մարմինների հանդեպ»։ Քննության ընթացքում ապացուցվել է, որ Մուրսին ու նրա մերձավորները իրենց հայտարարություններում տարածում էին տեղեկություններ, որոնք արատավորում էին դատավորներին ու ամբողջ դատական համակարգը։

Տվյալ գործով քննություն էր սկսվել Մուրսիի 18 կողմնակիցների հանդեպ, որոնք համարժեք պատժի են դատապարտվել։

Ավելի վաղ Մուրսին դատապարվել էր մահապատժի՝ բանտից փախչելու ու զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով, սակայն 2016-ի նոյեմբերին այդ գործը կրկնակի քննության է ուղարկվել։ Իսկ մյուս գործերով, այդ թվում օտար երկրների օգտին լրտեսության համար, Մուրսին դատապարտվել է երկարատև ազատազրկման։