Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ամեն ջանք գործադրում է միջազգային մակարդակով Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետությունը ճանաչելու համար: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝  Ամանում Երուսաղեմի հարցով ԱՊԼ նախարարների խորհրդի նիստից հետո ասել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին:

Սաֆադին նշել է, որ խորհրդակցության ընթացքում նախարարները հաստատել են, որ արաբական երկրները «մերժում են Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությանն ուղղված ցանկացած քայլ, ներառյալ ԱՄՆ վարչակազմի` այս քաղաքը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերջին որոշումը»:

Երուսաղեմի հարցով ԱՊԼ Խորհրդում ընդգրկված են  Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Մարոկոի, Պաղեստինի արտաքին գործերի նախարարները եւ Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք, եւ հանձնարարել է պետդեպարտամենտին Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման համար նախապատրաստական աշխատանքներ սկսել: