Անցած տարվա ընթացքում Հայաստանը էապես չբարելավեց իր դիրքերը կոռուպցիայի նվազեցման, տնտեսական աճի, ներդրումների ավելացման, արդարադատության իրական կայացման հարցերում։ Այս  մ ասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։  «Անցած տարին լի էր տարատեսակ զարգացումներով, որոնց մեջ անկասկած շատ կարևոր էին խորհրդարանական ընտրությունները: «Ելք» դաշինքին հաջողվեց արժանանալ ավելի քան 120 հազար քաղաքացիների վստահությանը, և մենք ամեն բան անում ենք արդարացնելու մեզ տրված քվեն՝ դառնալով իշխանությանը  հակակշռող ուժ: Դժվար է առանձնացնել որևէ առանձին կորուստ, սակայն այն, որ Հայաստանը էապես չբարելավեց իր դիրքերը կոռուպցիայի նվազեցման, տնտեսական աճի, ներդրումների ավելացման, արդարադատության իրական կայացման հարցերում, բացթողումների մի մեծ համալիր է»,–ասել է Մանե Թանդիլյանը։

Պատգամավորը հույս ունի, որ այս տարի իշխանությունները բավական կամք և խոհեմություն կունենան գայթակղություններից զերծ մնալ եւ ժողովրդավարության հարցում հետքայլ չեն անի։

«Ակնկալիքներս պայմանավորված են գլխավորապես մեր թիմի գործունեությամբ և մեր կողմից դրված նպատակներին հասնելու պատրաստակամությամբ: Գալիք տարին քաղաքական իմաստով շատ կարևոր է Հայաստանի համար լինելու, ուստի հուսով եմ, որ իշխանությունները բավական կամք և խոհեմություն կունենան, զերծ մնալու ինչ-ինչ գայթակղություններից, և արմատական հետքայլ չեն կատարի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից: «Ելք» դաշինքը իրեն տրված լիազորությունների սահմաններում կանի հնարավորը՝ քաղաքական զարգացումները ժողովրդավարական ճանապարհով տանելու համար»,–ասել է նա: