Միայն 2017-ի դեկտեմբերին Վենեսուելայում սպառողական գները աճել են 85 տոկոսով, տարվա ընթացքում կուտակված գնաճը կազմել է 2616 տոկոս: Այս մասին Վենեսուելայի Ազգային ասամբլեայում ասուլիսին ասել է ֆինանսների եւ տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Գուսմանը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նախագահ Նիկոլաս Մադուրոյին ընդդիմադիր Mesa de la Unidad Democrática (MUD) կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ 2017-ին Վենեսուելան դարձել է աշխարհի միակ երկիրը, որտեղ հիպերգնաճ է գրանցվել:
«Դեկտեմբերի 85 տոկոսանոց գնաճն ավելի է, քան ամբողջ Լատինական Ամերիկայի երկրների գնաճը: Հիպերգնաճի պատճառն այն է, որ ԿԲ-ն շարունակում է կառավարության ֆինանսավորման համար փող տպագրել», ասել է Գուսմանը:
Պատգամավորը զգուշացրել է, որ ընդդիմության կողմից անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումից հրաժարվելու դեպքում, 2018-ին գնաճը կարող է հասնել 14 հազար տոկոսի: Ըստ նրա՝ կառավարությունն այլեւ չի կարողանա երկրում բնակվող 30 մլն մարդուն կերակրել:
2017 թվականի դեկտեմբերի վերջին Վենեսուելայի ուսուցիչների ֆեդերացիայի փաստաթղթերի եւ սոցիալական վերլուծության կենտրոնը տեղեկացրել է, որ մեկ տարում՝ 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2017-ի նոյեմբեր, սպառողական գները երկրում աճել են ավելի քան 20 անգամ:
Վենեսուելայի Կենտրոնական բանկը երկրում գնաճի մակարդակի վերաբերյալ զեկույցների հրապարակումը դադարեցրել էր 2015 թվականին: 2017 թվականի վերջին որոշ փորձագետներ կանխատեսել էին, որ 2017 թվականին նրա մակարդակը կկազմի ավելի քան 4000 տոկոս:




























