«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կողմից դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու գործով դատական նիստն այսօր՝ հունվարի 9-ին, հետաձգվեց: Պավել Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ վատառողջ է եւ չի կարողանում ներկա գտնվել նիստին:
«Ինձ «Դատապարտյալների հիվանդանոցից» «Ուազ»-ով են դատարան բերել էստեղ եւ ոտքս մրսել է: Ստեղ ոտք չկա, սաղ մետաղա ա դրած: Խնդրում եմ, որ ուշադիր լինեք, որպեսզի ինձ այլեւս էդ Ուազով չբերեն դատարան: Եթե ես հիմա էս վիճակով մնամ նիստին՝ ջերմությունս կբարձրանա, կվատանամ»,-ասաց նա:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, այնուհետեւ որոշվեց ապացույցների հետազոտման կարգը՝ ըստ որի պետք է հարցաքննվեն վկաները, ապացուցվեն գործում առկա նյութերը:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 2-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի».«Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։
Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով` Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:




























