Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Արգիշտի Կիվիրյանի հայցը եւ հարցեր է ուղարկել ՀՀ կառավարությանը։

Հայցվորը հայցը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման համար։ Ըստ հայցի, նա դաժան վերաբերմունքի է ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկվելիս, նաեւ նրա գործոց արդյունավետ քննություն չի իրականացվել։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Արգիշտի Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ:

Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե Կիվիրյանի, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: 2015թ. վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել էր Արգիշտի Կիվիրյանին։