Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն «միայն որոշակի պայմանների դեպքում», հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան հայտարարությունը կատարվել է չորեքշաբթի նրա ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Անցյալ տարվա ամռանը Բեռլինում ելույթ ունենալիս Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ շփումն անհրաժեշտ է, եւ բարձր մակարդակով հանդիպումը տեղի կունենա, եթե այն ծառայի լարվածության թուլացմանն ու առճակատման վերացմանը:

Կորեական 2 պետությունների առաջնորդները 2 անգամ հանդիպել են՝ 2000 եւ 2007 թվականներին Փհենյանում՝ Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի՝ երկրի ներկայիս ղեկավարի հոր իշխանավարման օրոք: