Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Նաջարը Հայաստանի իր պաշտոնակցին՝ Սեյրան Օհանյանին հրավիրել է Իրան։Պաշտոնական հրավերը Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարարին է փոխանցել Հայաստանում Իրանի իսլամական հանրապեըության արտակարգ ու լիազոր դեսպան Սայեդ Ալի Սահայանը։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։

Նա նշել է , որ ընդունելով Իրանի դեսպանին՝ Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է նրան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելու կապակցությամբ եւ հուս է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունները ավելի կամրապնդվեն եւ կբարձրանան որակական նոր մակարդակ։

Կողմերը իրենց համատեղ դիրքորոշումն են արտահայտել երկկող ու տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։