2010 թվականը նշանավորվել է հայ-թուրքական երկխոսության լիակատար ձախողմամբ, ինչը հանգեցրեց հայ հասարակության առավել մեծ ազգայնականացման: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը` ամփոփելով 2010 թվականի արդյունքները:
Ընդ որում, նրա խոսքով, հայկական կողմի համար դրական էր այն, որ միջազգային հանրությունը հիասթափվեց Անկարայից, քանի որ գիտակցեց, թե հայ-թուրքական գործընթացի ձախողումը 80-90 տոկոսով պայմանավորված էր Թուրքիայի դիրքորոշմամբ:
Կանխատեսելով 2011թ. գործընթացները` փորձագետը նկատել է, թե ընտրությունների մոտենալուն զուգահեռ ազգայնականացման մակարդակը հայկական հասարակության մեջ կաճի: Ըստ Շաքարյանի` Հայաստանի հետագա զարգացումը ուղղակի պայմանավորված է ղարաբաղյան հարցում առաջընթացով: «Իսկ ղարաբաղյան հարցում, ցավոք, ոչ հայրենական, ոչ միջազգային փորձագետները հուսադրող կանխատեսումներ չունեն ապագայի համար»,- ամփոփել է փորձագետը:





























