NEWS.am-ը զրուցել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսայի հետ:
Պարոն Տոլոսա, ինչպե՞ս եք գնահատում 2010-ը: Ձեր կարծիքով, կարողացա՞վ Հայաստանը հաղթահարել տնտեսական ճգնաժամը:
2010-ը, համեմատաբար լավ տարի էր Հայաստանի համար: Տնտեսության բազմաթիվ ոլորտենր, բացառությամբ շինարարության ոլորտի, բավական արագ վերականգնվեցին ճգնաժամից հետո: Սակայն գյուղատնտեսությունում նկատվեց լուրջ անկում, որը պայմանավորված էր ինչպես անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, այնպես էլ կառուցվածքային խնդիրներով: Քաղաքացիների եկամուտները եւս աճել են, հաշվի առնելով այն, որ դրամական փոխանցումների քանակը զգալիորեն աճել է 2009-ի համեմատ:
Որոշակիորեն ամպրոպը մնացել է հետեւում, բայց հիմա Հայաստանը նոր փուլ է մտնում, որը կբնութագրվի զգալիորեն ավելի բարդ պայմաններով, քան նախաճգնաժամային ժամանակ: Համաշխարհային տնտեսության վերականգնումը փխրուն եւ ոչ համաչափ գործընթաց է: Եվրոպան, որպես կարեւոր առեւտրային գործընկեր, բախվում է հսկայական խնդիրների: Տնտեսությանն այնպիսի ուժեղ ազդակ, ինչպիսին Հայաստանին տվեց շինարարության ոլորտն իր բումի տարիներին, այլեւս չի լինի: Այդ ֆոնին Հայաստանին անհրաժեշտ կլինի ժամանակ, որպեսզի հասնի 2008-ի մակարդակին:
Հունվար-նոյեմբերին գնաճը հատեց 8 տոկոսի սահմանը: Բազմաթիվ ապրանքների գներ հասան եվրոպական մակարդակի եւ անգամ գերազանցեցին: Կարո՞ղ ենք ասել, որ մի շարք տեղական ապրանքների գներ նույնն են, ինչ ներմուծած ապրանքներինը:
Շատ հումքային ապրանքների համաշխարհային գները վերջին ժամանակներս կտրուկ բարձրացան եւ հայկական գները, բնականաբար, հետեւում են այդ միտումին: Օրինակ, միջազգային շուկաներում եգիպտացորենի եւ բրնձի գները աճեցին ավելի քան 40 տոկոսով, այն դեպքում, երբ սոյայի եւ ցորենի գները՝ ավելի քան 20 տոկոսով: Հետեւաբար, Հայաստանում հացի գինը վերջին 4 ամսում բարձրացավ ավելի քան 10 տոկոսով: Դժվար թե այդ միտումը շարունակվի միջազգային մակարդակով, այսուհետ գնաճն ավելի խելամիտ կլինի: Դրա հետ մեկտեղ, որոշ հայկական ապրանքների գներ, իսկապես, միջազգային գների համեմատ ավելի բարձր են, ինչը պայմանավորված է բաշխման սեկտորում կառուցվածքային թերությունների հետ, որոշ ոլորտներում տեղի արտադրողների եւ ներմուծողների միջեւ սահմանափակ մրցակցությամբ:
Գյուղատնտեսական ապրանքների գների աճը կարո՞ղ է նպաստել գյուղմթերքների ներմուծմանը:
Ինչպես արդեն նշեցի, գյուղատնտեսական ապրանքների գներն աճում են նաեւ արտերկրում, այնպես որ դժվար թե հայկական գյուղապրանքների գների աճը խթան դառնա, որ նույն ապրանքները ներմուծվեն դրսից:
Արդյոք Հայաստանը կբախվի՞ այն խնդիրներին, որոնց բախվեց Հունաստանը՝ կապված իր արտաքին պարտքի հետ:
Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 44 տոկոսը, իսկ Հունաստանինը՝ 141 տոկոս: Այդուհանդերձ, Հայաստանն ավելի քիչ մուտք ունի դեպի շուկաներ եւ կբախվի արտաքին մարման հետ կապված խնդիրներին ավելի ցածր մակարդակով, քան Հունաստանը, ուստի ձեր երկիրը պետք է ավելի զգույշ լինի պարտքերի հարցում: Դա առանցքային գործոն է եւ իշխանությունները կարեւորություն են տալիս բյուջետային քաղաքականության խստացմանը միջինժամկետ հեռանկարում:
Ի՞նչ սպասելիքներ ունեք 2011 թվականի համար: Ի՞նչ տնտեսական աճ եք կանխատեսում:
2011-ը պետք է դրական տարի լինի հայերի համար: Մեր կանխատեսումներով, Հայաստանում կարձանագրվի 4,6 տոկոս տնտեսական աճ: Չնայած մեծ ցնցումներին, որոնց Հայաստանը կարող է բախվել, տնտեսական ռիսկերի մակարդակը նվազել է:
Եվ վերջապես, ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին:
Ցանկանում եմ, որ բոլոր հայ գործարարները լայն հնարավորություններ ունենային ձեր երկրում: Ես ցանկանում եմ, որ Հայաստանը, վերջապես, բեկում արձանագրի, որպեսզի տնտեսությունը զարգանա ավելի դինամիկ եւ արդյունավետ: Հայաստանն, իսկապես, արժանի է դրան:





























