Միջին խավի վճարունակության «լակմուսի թուղթը» գրեթե բոլոր երկրներում ավտոմեքենաների շուկան է, Հայաստանը եւս բացառություն չէ։ Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունները մյուս ոլորտի գործարարների պես մեծ հույսեր էին կապում դեկտեմբեր ամսի հետ՝ ակնկալելով, որ վաճառքները մոտ 30 տոկոսով աճ պետք է գրանցեն։ Սակայն, ինչպես ասում են՝ «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»։
Այս դեկտեմբերին Հայաստանի ավտոմեքենաների շուկայում «քնած վիճակ է»։ Ավտոմեքենաների առաջնային վաճառքով զբաղվող ընկերությունները նույնիսկ չեն կարողանում նախորդ ամսվա վաճառքի ցուցանիշին մոտենալ։
Շուկայում հայտնի «խաղացողների» մի մասը վաճառքի անկումը պայմանավորում է պարտադիր ապահովագրման հետ, որը նոր մեքենայի դեպքում կլոր գումար է կազմում, ուրիշներ միտված են այն պայմանավորել հետճգնաժամային «սինդրոմի» հետ, այսինքն՝ սպառողները ձգտում են խնայողություններ կուտակել «սեւ օրվա» համար։ Մասնագետների մի մասն էլ կարծում է, որ այս տարի դրսից եկած փողերը մարդիկ ավելի շուտ ուղղում են նախորդ տարիների չիրականացված ծրագրերի ուղղությամբ, եւ հաճախ նոր մեքենա ձեռք բերելու «շքեղությունից» իրենց հեռու են պահում։
Ստեղծված իրավիճակում ավտոմեքենաների հայաստանյան սրահները հաճախորդներին գրավելու համար սկսել են գովազդային ուժեղացաված արշավներ կազմակերպել։
«ԹՕՓ մոտորս» ընկերության փոխտնօրեն Վլադիմիր Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախորդ ամիսներին կազմակերպված գովազդային արշավները գրեթե անարդյունավետ էին։ «Դեկտեմբերյան աշխուժություն չենք նկատում, հաճախորդներն այս ամսում շատ պասիվ են, ու այդ պատճառով այլ միջոցներ ենք փորձում ձեռնարկել»,- նշեց Հովսեփյանը՝ մանրամասնելով, որ մինչեւ 20 տոկոս զեղչ են կիրառել «Մազդա-Սուզուկի» ավտոսրահի բոլոր մեքենաների վրա՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը։ «Իհարկե, զեղչերը մեր եկամուտներն են կտրուկ նվազեցնում, բայց նման պասիվ շուկայի պարագայում այլ միջոց պարզապես չի մնում»,- ասաց կենտրոնի տնօրենը։
Սակայն արդյոք զեղչերի քաղաքականությունը կազդի՞ մեքենաների վաճառքի վրա՝ ցույց կտա ժամանակը։ Իրողությունն այն է, որ անվերահսկելի ու անկանխատեսելի գնաճի պարագայում մարդիկ զգուշանում են երկարաժամկետ ակտիվների ձեռքբերումից՝ ուշադրոթյունը կենտրոնացնելով առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Ռուսաստանից ու ԱՊՀ այլ երկրներից ժամանակավորապես կամ մշտապես Հայաստան վերադարձող խոպանչիներն էլ դեկտեմբերյան թանկացումներից վախեցած՝ նախընտրում են վաստակած գումարը «բարձի տակ» պահել։ Առավել եւս՝ Ռուսաստանից խոպանչիները վերադառնում են ավելի քիչ փողով, քան նախորդ տարիներին։




























