Եթե չի դավաճանում հիշողությունս, Հայաստանում Ձեզ ճանաչում ու սիրում էին։ Դուք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջատար դերասաններից մեկն էիք… Ինչո՞ւ հեռացաք Հայաստանից։
Ուզում էի հաջողությունների հասնել Ռուսաստանում։ Իհարկե, հայ երիտասարդին հեշտ չէ առանց ծանոթությունների Մոսկվայում հաջողությունների հասնել։ Հիմա մոսկովյան ակումբներում ինձ արդեն ճանաչում են։ Պարբերաբար հանդես եմ գալիս այնտեղ
եւ սպասում իմ աստեղային ժամին՝ մեծ բեմին։ Երբեք չեմ շտապում. ինչ կանխորոշված է ճակատագրով՝ այդպես էլ կլինի։
Ակումբներում հանդես գալուց բացի, ուրիշ ինչո՞վ եք զբաղվում։ Շարունակո՞ւմ եք արդյոք թատերական գործունեությունը։
Այո, Մոսկվա գալուն պես աշխատեցի տարբեր թատրոններում՝ «Չղջիկ», «Շալոմ», վերջինիս հետ մեկամսյա հյուրախաղերի մեկնեցի Իսրայել։ Խուցիեւայի ղեկավարությամբ Մոսկվայի երիտասարդական կամերային թատրոնի հետ Գերմանիա գնացինք, որտեղ «Չափից դուրս կամ եւս մեկ Ջեքսոն» ներկայացման մեջ գլխավոր դեր խաղացի։ Հիմա, խաղալու առաջարկ եմ ստացել Չեխովի նովելներում։
Հատկապես, ո՞ր։
Դեռ գաղտնիք է։ Կարծում եմ, դա իմ կյանքում կլինի, ինչ որ նոր բան։ Կարող եմ մի բան ասել, երեւանյան թատրոնում բոլորովին ուրիշ կյանք էր եւ ես, իհարկե, հիշում եմ իմ սիրելի Լեյլա Խաչատրյանին, Իրինա Մարչենկոյին, Վալենտինա Դավթյանին… Նրանք շատ են, բոլորին չես թվի։ Որպես ռեժիսոր, շատ եմ գնահատել ու գնահատում եմ Ալեքսանդր Գրիգորյանին։ Նա կարող եր բազմաթիվ ներկայացումներ բեմադրել Մոսկվայում եւ որքանով տեղյակ եմ ՄԽԱՏ-ում բեմադրել է ներկայացում, որը, ցավոք, այդպես ել չկարողացա դիտել։ Իհարկե, այսօր նոր սերունդ է ձեւավորվում։ Ինչքան գիտեմ, Երվանդ Ենգիբարյանը եւ Վերոնիկա Սարոյանը գլխավոր դերեր են խաղում թատրոնում եւ վստահ եմ խաղում են շատ լավ։ Մյուսներին, ես ուղղակի չգիտեմ, չէ որ շատ բան է փոխվել այս ժամանակահատվածում։
Ճի՞շտ է, որ երեւանյան թատրոնում, Դուք բարդ հարաբերությունների մեջ էիք հիշյալ Ալեքսանդր Գրիգորյանի հետ եւ նա պարբերաբար խոչնդոտում էր Ձեզ։
Դե.. մեծ հաշվով, մարդը կարող է խոչնդոտ հանդիսանալ նաեւ իր համար։ Ես շնորհակալ եմ իրենից, որ նա մի ժամանակ հավատացել է ինձ։ Ստանիսլավսկու անվան թատրոնում խաղացած դերերս շատ թանկ են ինձ համար։ Գրիգորյանը մեծատառով մասնագետ է։ Նա այնպիսի բեմականացումներ է արել, որ մոսկովյան ռեժիսորները չեն էլ երազել։
Ձեր երեւանյան գործընկերներն այսօր ակտիվորեն մասնակցում են հեռուստասերիալների նկարահանումներին։ Երեւի թե, հենց դա է օգնում իրենց ընտանիք պահելուն, քանի որ աշխատավարձը թատրոններում մեղմ ասած համեստ է։ Լինելով ռուսական դրամատիկական թատրոնի դերասան՝ ինչպե՞ս էիք գոյատեւում։ Ձեր վերաբերմունքը՝ սերիալամոլության սոցիալական երեւույթի հանդեպ։
Անկեղծ ասած, դժվարությամբ եմ հիշում այդ տարիները, երբ աշխատավարձ էի ստանում, առավել եւս ինչպես էի գոյատեւում։ Հիշում եմ, իհարկե, որ լույս չկար եւ մենք «լեվի լույս» էինք քաշում, հիշում եմ, թե ինչպես էի տաքացնում աղյուսը եւ մինչեւ լույս այն գրկած քնում էի։ Չեմ մոռանա նավթի լամպի անվերջանալի թվացող հոտը։ Միշտ սնվում էինք բրնձով ու ոսպով, քանի որ հենց այդ մթերքն էինք որպես հումանիտար օգնություն ստանում տարբեր կազմակերպություններից։ Այսօր նույնիսկ հիշելն է դժվար, որ այդ ամենը եղել է։ Սերիալների հանդեպ անտարբեր եմ, չնայած՝ ինքս խաղացել եմ…
Ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը։ Ո՞ւմ գործն է։
Հերթական էժանագին սերիալ, որոնք հեռարձակվում են առաջին ալիքով։ Եթե չեմ սխալվում անվանումը «Դետեկտիվներ» է։ Հետո նկարահանվել եմ «Տակսիստուհի-3»-ում, եւ մի շարք այլ ֆիլմերում, որոնք ես նույնիսկ չեմ էլ նայել։ Հասկանում էք, երբ ֆիլմ են նկարահանվում ոչ թե արվեստի, այլ պետության փողերը յուրացնելու նպատակով, արվեստ ասվածը մի տեսակ աղավաղվում է։ Եվ հաճախ թվում է, որ այսօր արվեստը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է։ Ինչպես ասում էր մեծն Ֆաինա Ռանեւսկայան, վատ ֆիլմում նկարահանվելը նույնն է, ինչ թքել դարաշրջանի մեջ"։ Ասեմ, որ այսօր շատերն են այդպես վարվում։
Ինձ հայտնի է, որ Դուք ավարտել եք գեղարվեստական ուսումնարանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ակադեմիայի կողմից շնորհված արվեստի բակալավրի աստիճանով։ Թողե՞լ եք նկարչությունը, թե՞ շարունակում եք այն…
Թողնել նկարչությունը համարյա թե հնարավոր չէ։ Քանի որ, նկարչի ձեռքը ակամայից ձգվում է դեպի վրձինն ու ներկերը։ Մի օր, ես կկազմակերպեմ իմ անձնական ցուցահանդեսը։ Հիմա աշխատում եմ «Աստվածային կատակերգություն» կտավի վրա։ Այդ թեման, վաղուց էր հետաքրքրում…
Հագուստի ինչպիսի՞ ոճ եք նախընտրում։ Ստրինգեր կրո՞ւմ եք։
Գերադասում եմ տարբեր ոճի հագուստներ։ Սակայն, վերջերս, ձգտում եմ դասականին։ Հիշում եմ, երբ Երեւանում էի ապրում՝ յուրահատուկ մարտահրավեր էի նետել հասարակությանը։ Բնականաբար, շփվում էի ռոքերների, մետալիստների, հիպիների, պանկերի հետ…Էլ չեմ խոսում, թե ինչպես էին ինձ հետեւում՝ պատռած ջինսերիս եւ երկաթե սեպերով կաշվե բաճկոններիս համար։ Ստրինգեր չեմ կրում, բայց հիշում եմ՝ մի անգամ նախկին կինս նվիրեց, սակայն այն այդպես էլ մնաց դարակում։
Դերասաններից շատերը, փիարի կամ ուղղակի հետաքրքրության համար կազմակերպում են ֆոտոսեսիաներ։ Հաճախ, այդ լուսանկարները անցնում են «նյու» ժանրի չափերը։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։ Նման փորձ ունե՞ք։
Հանգիստ եմ վերաբերվում. եթե ցույց տալու բան կա, ինչո՞ւ ցույց չտալ։ Իհարկե, ամեն ինչ կախված է վարձատրությունից։ Իմ կյանքում էլ եղել են նման ֆոտոսեսիաներ Ճիշտ է, իմ դեպքում ամեն ինչ վերջացավ մեծ սկանդալով (ծիծաղում է)…
Միգուցե պատմե՞ք այդ մասին։
Մի օր, ներկայացման ավարտից հետո, ինձ մոտեցավ մի հաճելի աղջնակ եւ ներկայացավ իբրեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ «Նյու» ոճի մեջ լուսանկարների համար առաջարկում է բարձր հոնորար։
Ես, հիշելով ու հաշվի առնելով այն, որ այդպիսի ֆոտոսեսիաներում մասնակցել են՝ Բրեդ Փիթը, Անտոնիո Բանդերասը եւ այլ հոլիվուդյան նշանավոր դերասաններ, համաձայնեցի… Քանի որ, իմ բոլոր ինտիմ մասերը ծածկված էին, ֆոտոսեսիայից գոհ մնացի։ Միայն մի լուսանկրարում՝ մի բան այդպես էլ չծածկվեց։ Աղջիկը խոստացավ, որ կջնջի այն, սակայն, որոշ ժամանակ անց հանկարծակի ինտերնետում տեսնում եմ ամսագրի գովազդը՝ հենց այդ իմ մերկ նկարով։ Անմիջապես զանգ եմ տալիս նրան եւ սպառնում, որ եթե նա չվերացնի նկարը՝ դատի կտամ։ Հետո պարզեցի, որ իմ լուսանկարները տպագրվել են մի գեղեցիկ ամսագրի 5 էջերում։ Վճարել նա կտրականապես հրաժարվեց, պատճառաբանելով, թե իբր իրեն լքել է ամուսինը, եւ այժմ նույնիսկ գոյատեւելու միջոցներ չունի։ Եվ ես հրաժարվեցի այդ ամենից…
Եթե չեմ սխալվում, սա Ձեր առաջին եւ վերջին սկանդալը չեր։ Պատմեք խնդրեմ, ի՞նչ է եղել «Եվրատեսիլ» մրցույթի հետ կապված…
Ամեն ինչ շատ պարզ է։ Ուղղակի, ինչ որ մեկը չեր ցանկանում, որ ես հանդես գամ Հայաստանի կողմից։ Իմ երգը գնահատվեց Մոսկվայում, սակայն մրցույթում հայտնվեցին անհասկանալի զույգ աղջիկներ, որոնց մեջ իսպառ բացակայում է արտիստիզմը։ Հասկացեք՝ պետք է աշխատել հոգով, այլ ոչ կճղակներով։ Իսկ տիկնիկների պես զուգել կարելի է յուրաքանչյուրին։ Հայաստանի կազմակերպիչները թող լավ մտածեն, թե արդո՞ք իրենց տեղերում են։
Ուզո՞ւմ եք ասել քվեարկության արդյունքները նենգափոխված էին։
Իհարկե, եվ իզուր էին ցուցադրական մրցույթ կազմակերպել։ Շատերը ի սկզբանե գիտեին, որ «Եվրատեսիլ» մեկնելու են քույրերը, քանի որ նրանց նախապատրաստում էին ընտրական փուլից շատ առաջ։
Ստացվում է, Հայաստանում չե՞ն գնահատում տաղանդավոր մարդկանց։
Անշուշտ, օրինակ՝ Էլվինա Մակարյանը։ Հայազգի բացառիկ տաղանդներից էր, որն ուներ հիասքանչ ձայն։ Ո՞ւր էր նայում այն ժամանակ Հայաստանի մշակույթի նախարարությունը։ Նրան ձեռքերի վրա պետք է պահեին, որպես հանրապետության ժողովրդական արժեք՝ ցուցադրեին բոլոր հեռուստաալիքներով։ Նա լեգենդ է։ Իմիջայլոց, Ալլա Պուգաչովան ասել է, որ իր ուսուցիչները Կլավդիա Շուլժենկոն, Էդիտ Պիաֆն ու Էլվինա Մակարյանն էին։ Իսկ Հայաստանը չկարողացավ նրան արժանի ընդունել։ Եվ սա ընդամենը մեկ օրինակ է…
Հիշեցիք Ալլա Պուգաչովային։ Ծանո՞թ եք նրա հետ։ Եթե այո, ինչպիսի՞ հանգամանքներում եք ծանոթացել։
Իմ ծանոթությունը լեգենդի հետ տեղի ունեցավ «Ֆաբրիկա զվյոզդ» -ի քասթինգի ժամանակ։ Երբ առավոտյան մամուլից իմացա քասթինգի մասին, շտապեցի Օստանկինո։ Հիմա դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարողացա ահռելի քանակությամբ մարդկանց միջից ներխուժել այնտեղ։ Հասկանում եք, երբ մեծն երգչուհուն հանդիպելու համար դու կարողանում ես ճեղքել հազարավոր մարդկանց բանակը եւ մանավանդ, երբ բազմության մեջ նա նկատում է հենց քեզ՝ դա մեծ բան է։
«Երգեք խնդրեմ երիտասարդ»,- մատնացույց անելով ինձ, ասաց Ալլա Պուգաչովան։ Այդ պահին սարսափեցի։ Սակայն հավաքվեցի եւ երգեցի Վերտինսկու «Կուլիսների հետեւում» երգը։ Ալլան լսեց կատարումս, այնուհետեւ հարցրեց. «իսկ երեկ, ի՞նչ էիք կատարում»։ Պատասխանեցի, որ երեկ ես չեմ եղել։ Նա խորամանկ քմծիծաղ տվեց եւ ասաց. «ուրեմն երիտասարդ, դուք շատ հիշվող արտաքին ունեք։ Դուք անցել եք առաջին փուլը»։ Այն ինչ կատարվեց հետո, ինձ համար ոնց որ հեքիաթ լիներ։ Ես նստած էի Պրիմադոննայի կողքին եւ հետեւում էի, թե ինչպես է նա ընտրություն կատարում։ Այն ինչ կատարվեց երկրորդ փուլում, ինձ համար ողբերգություն էր։ Պարային փուլն էր։ Կարծում էի, թե հեշտությամբ կհաղթահարեմ այն, սակայն ամենապարզունակ թռիչքի ժամանակ ընկա։ Լսվեց ոտքիս ճռթճռթոցը։ Բնականաբար, ես չկարողացա ոտքի ելնել։
Եվ, մի շաբաթ անց, երբ կապված ոտքով պառկած էի հիվանդանոցում, շատ ցավալի էր ինձ համար միացնել հեռուստացույցը եւ նայել «Ֆաբրիկա զվյոզդի» առաջին թողարկումը։ Իսկ, մյուս տարի ես ուղարկեցի իմ երգը Ռադիո-Ալլա, «Ալլան փնտրում է տաղանդների» բաժին եւ հաղթեցի։ Ալլան ասել էր, որ ես առանձնանում եմ մնացածներից եւ շատ գայթակղիչ եմ, սակայն նշեց, թե ես անելիք ունեմ, եւ դրա մասին ինձ կհայտնի հետո։ Ես մտահոգվեցի… Իմիջայլոց, այցելելով Ռադիո-Ալլա կայք եւ փնտելով 2008թ նոյեմբերի 14-ի համար 21-ը, կարող եք լսել երգս։
Երազանք ունե՞ք, ի՞նչ կցանկանայիք ամենից շատ։
Ամենից առաջ ցանկանում եմ, որ որդիս մեծատառով մարդ լինի։ Այսօր հեռուստատեսություններից շատ կեղտ է թափվում մեզ վրա։ Թերթ ես կարդում եւ իսկույն փչանում է տրամադրությունդ։ Ուզում եմ, որ ամենուրեք խաղաղություն լինի։ Ողջ աշխարհում երեխաների արցունքները նույն գույնի ու համի են…
Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։
Ցանկանում եմ, առաջին հերթին ջերմ ողջունել ձեր ընթերցողին։ Հայ ժողովուրդը շատ դիմացկուն եւ տաղանդավոր է։ Շատ եմ կարոտել Հայաստանը։ Հաճույքով կայցելեմ հայրենիքս՝ իմ ներկայացմամբ։ Շատ կարեւոր է, որ դա մի օր կատարվի։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։



























