Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը  եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սասնա Ծռերի փողոցում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, տուժածը գազալցակայան լիցքավորողն է, որին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն։ Պայթյունի հետեւանքով ամբողջովին վնասվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենա, որի վրա գտնվող գաղաբալոնները շպրտվել են, մեկ այլ «Գազել» ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաեւ վնասվել է Opel մակնիշի մեկ այլ ավտոմեքենա: