Թումանյան քաղաքում, հունվարի 21-ին սողանք է տեղի ունեցել, որի հետեւանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել եւ վտանգավոր իրավիճակ է ստեղծել Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկաթգծի, իսկ շարունակվելու  դեպքում նաեւ Մ6 մայրուղու համար:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ սողանքը նկատել են տարածքի բնակիչները, որոնք էլ ահազանգել են Լոռու մարզային փրկարարական վարչություն:

ԱԻՆ օպերատիվ խումբը եկել, տեղում ուսումնասիրել է իրավիճակը եւ պարզել, որ լանջն ի վեր սողանքի ակտիվացման վտանգ կա եւ  որի պատճառը ջրի հոսքն է: Տարածքում է գտնվում Թումանյան համայնքին  խմելու ջուր մատակարարող ջրահավաք ավազանից արձանագրվել է ջրի արտահոսք. նրանց կարծիքով, սողանքային երեւույթի պատճառը կարող է լինել հենց այդ արտահոսքը:

ԱԻՆ աշխատակիցները «Վեոլիա ջուր» ՓԲԸ աշխատակիցների հետ համաձայնություն են ձեռք բերել մինչեւ նորոգումը ժամանակավորապես  դադարեցնել ավազանում ջրի կուտակումը, որպեսզի հնարավոր լինի խուսափել սողանքից:

«Վեոլիա ջուր»-ի Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը նշեց, որ ջրի խողովակաշարերը բավականին հեռու են սողանքային գոտուց, իսկ ջրային ավազանի արտահոսքը ժամանակին կասեցվել է: Նրա խոսքով, սողանքի պատճառ կարող էին հանդիսանալ ստորգետնյա ջրերը, քանի որ այդ տարածքով են անցնում նաեւ Օձուն խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերի ջրագծեր, որոնցից նույնպես հնարավոր է արտահոսք գրանցվեր:

Սողանքի վայրում աշխատում են երկրաբանները: Նախնական եզրակացությամբ՝ սողանքի պատճառը ստորգետնյա կամ հողի մեջ արհեստականորեն ներծծված ջուրն է:

«Այս տեղանքում սողանքներ գրանցվել են նաեւ տարիներ առաջ: Սողանքից պաշտպանվելու նպատակով անգամ երկաթգծի հարեւանությամբ պատնեշ է կառուցվել: Սողանքի պատճառը պարզելու նպատակով ավազանից ու ստորոտից դուրս եկող ջրի անալիզներ են վերցվել, համեմատության կարգով կորոշվի ջրի ծագումն ու սողանքի պատճառները: 300մ բարձրությամբ ու 150մ երկարությամբ սողանքային գոտի կա այստեղ, որն արտաքին գործոնների հետեւանքով կարող է կրկին ակտիվանալ»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց երկրաբան Հայկ Բաղդասարյանը:

ԱԻՆ փրկարար-ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետի խոսքով՝ սողանքի պատճառները հստակ պարզելուց հետո միայն կորոշվի, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն տարածքում: