Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 23-ին կայացած նախարարների կաբինետի նիստում կոշտ քննադատության է ենթարկել արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին, քանի որ նա հերթական անգամ դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից: The Independent թերթը նշում է, որ կոնֆլիկտը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ջոնսոնը, բրիտանական մամուլի վերջին հրապարակումների համաձայն, Brexit- ից հետո լրացուցիչ 5 մլրդ ֆունտ (մոտ 7 մլրդ դոլար) է պահանջել առողջապահության խնդիրներին ուղղելու համար:Մինչ այդ Բրյուսելում հունվարի 23-ին ԵՄ ֆինանսական եւ բյուջետային հարցերով խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ժամանած Ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, որ արդեն 6 միլիարդ ֆունտ (8.3 միլիարդ դոլար) է հատկացրել Առողջապահության նախարարությանը, եւ Ջոնսոնին հիշեցրել է, որ ինքը արտաքին գործերի նախարարն է, եւ այդպիսով հասկացրել, որ ինքը չպետք է իր իրավասությունից դուրս գործի:
Բացի այդ Համայնքների պալատի պահպանողական պատգամավոր Աննա Սուբրին Twitter-ում Մեյին կոչ էր արել ներկա արտաքին գործերի նախարարին պաշտոնանկ անել «անհամապատասխանության եւ անհավատարմության» համար:
Ջոնսոնը բազմիցս հայտարարություններ է արել, որոնք դուրս են ԱԳ նախարարի իրավասության շրջանակներից: Նախարարների կաբինետում վերջին փոփոխություններից առաջ ենթադրվում էր, որ Մեյը կարող է հեռացնել Ջոնսոնին ԱԳ նախարարի պաշտոնից եւ որ Foreign Office-ի ղեկավարությունը պայքարում է գոյատեւելու համար: Սակայն արդյունքում վարչապետը բոլոր առանցքային նախարարներին պահպանեց:




























