Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով տուժողի իրավահաջորդը այսօր՝ հունվարի 24-ին, չէր ցանկացել ներկայանալ դատարան՝ ցուցմունք տալու: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց հրապարակել 2016թ. նոյեմբերին սպանված Մուշեղ Մուշեղյանի կնոջ՝ Նարինե Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը:
Նարինե Հովհաննիսյանը նախաքննական մարմնին հայտնել է, որ ամուսնու հետ զբաղվել են առեւտրով, վերջին տարիներին ամուսինը եղել է Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստան է վերադարձել 2016թ. սեպտեմբերին: Նա նշել է, որ սպանությունից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 12-ին, ամուսինը՝ Մուշեղ Մուշեղյանը լավ տրամադրությամբ դուրս է եկել տնից, գիշերը չի վերադարձել՝ տեղեկացնելով, որ ընկերների հետ է: Հաջորդ օրը Նարինե Հովհաննիսյանին ոստիկանները տեղեկացրել են, որ ամուսինը վիճաբանության ընթացքում վիրավորում է ստացել եւ հիվանդանոցում է: Մինչեւ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց հասնելը Մուշեղ Մուշեղյանը մահացել է:
Տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ ճանաչում է Ալիկ Բանդուրյանին «Նորատուսցի Ալիկ» եւ Արմեն Բանդուրյանին «Բդո», նրա խոսքով, ամուսինը նրանց հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել: Քննիչի հարցին, թե տեղեկություն կա, թե Մուշեղ Մուշեղյանը նրանց մոտ աշխատել է որպես վարորդ, Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ամուսինը նրանց մոտ չի աշխատել, այլ երկար տարիներ զբաղվել է առեւտրով:
Տուժողի իրավահաջորդը նշել է, որ տեղյակ է, որ ամուսինը Արա Վարդանյանի՝ «Ճըվճվ Արոյի» հետ ծանոթացել է Ղրիմում, գործով այլ հանգամանքների մասին տեղեկություններ չունի:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:




























