Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով 3 վկաներից երկուսը բերման կենթարկվեն: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վկաներ Դավիթը Հախանումյանին եւ Վիրաբ Գասպարյանին «Բանգլադեշցի Վիրաբ», բերման ենթարկելու որոշում էր կայացրել, սակայն, նրանց ներկայությունը դատարանում չէր ապահովվել:

Վիրաբ Գասպարյանի բնակության հասցե գնացած ոստիկանին նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ Վիրաբ Գասպարյանը ԼՂՀ-ում է եւ տեղյակ չեն, թե երբ կվերադառնա:

Դատարանը որոշում կայացրեց ոստիկանության աշխատակիցներին եւս մեկ անգամ նախազգուշացնել ապահովել նրանց ներկայությունը դատարանում:

Գործով վկաներից Ռուբեն Խաչատրյանին դատարանը որոշում կայացրեց եւս մեկ անգամ ծանուցում ուղարկել:

Նշենք, որ այս գործով բոլոր մյուս վկաներն արդեն հարցաքննվել են:

2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: