Իսպանիայի ԱԳ եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացվող բանավեճերի ժամանակ ուշագնաց է եղել: Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը:
ԱԳ նախարարը ՀՏՀ-ում ուղեկցում է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, երբ սոցիալական համախմբվածության վերաբերյալ համազրույցում 62-ամյա նախարարը գիտակցությունը կորցրել է: Միապետը եւ բանավեճի մյուս մասնակիցները իրենց տեղերից ոտքի են կանգնել դիվանագետին օգնելու:
Բանավեճը համակարգողը չի ճանաչել Իսպանիայի ԱԳ նախարարին, սակայն խնդրել է նրան բուժօգնություն ցույց տալ եւ բանավեճն ավարտել է: Բժիշկի գալուց հետո նրան բուժկետ են տեղափոխել: Չնայած դիվանագետի վիճակը շուտով բարելավվել է, նա չի կարողացել թագավորին ուղեկցել հաջորդ որոշ հանդիպումներին:




























