ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Կ. Գ.-ն հայտնել է, որ նախորդ օրը` ՌԴ-ից ՀՀ էքստրադիցիայի ենթարկվելու ընթացքում, «Զվարթնոց» օդանավակայանում իրեն ուղեկցող ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ. քաշքշել են եւ իր կամքին հակառակ` հարկադրաբար տեսանկարահանել: Կ. Գ.-ն հայտնել է, որ ոստիկանների գործողությունների հետեւանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերեւույթ հանցագործության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:




























