ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել Երեւանի բնակիչ Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն 3 օր ապօրինի պահել են Կապանի ռազմական ոստիկանության հերթապահ մասում` այդ ընթացքում արգելելով ազատ տեղաշարժվել, նստել եւ քնել:

Նկատի ունենալով, որ հիշյալ նյութերում առերեւույթ առկա են ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմի հատկանիշներ, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով: