«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանն այսօր՝  հունվարի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նսստավայրում միջնորդություն ներկայացրեց, որով հրաժարվեց հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի ծառայություններից։

Պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ հավելեց, որ կարող է պաշտպանել Արմեն Լամբարյանի շահերը, եւ Լամբարյանն էլ համաձայնեց։

Մինչ այդ պաշտպան  Տիգրան Հայրապետյանը Կարո Եղնուկյանի անունից փորձեց միջնորդություն ներկայացնել՝ հանրային պաշտպան անուշ Մխիթարյանից հրաժարվելու կապակցությամբ, ինչին դատավոր Գաբրելյանը պատասխանեց, որ միջնորդությունը չի կարող ընդունվել, քանի որ Կարո Եղնուկյանը նիստերի դահլիճում չի գտնվում։

Գործով դատախազն էլ ասաց, որ հանրային պաշտպանի լիազորությունները դադարեցնելու օբյեկտիվ հիմքեր չկան եւ միջնորդությունը  պետք է մերժվի։

Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ մերժում է միջնորդոությունը, հիմնավորելով, որ հանրային պաշտպանի ներգրավվածությունը գործում պարտադիր է։

Արմեն Լամբարյանը վրդովվեց, եւ հայտարարեց, որ դատարանն այս քայլով ցույց է տալիս, որ ամեն ինչ իր ձեռքում է։

«Այսինքն ուզում եք ասեք, ինչ ուզում եք ասեք, արեք, չագուճը մեր ձեռքն է, ոնց ուզում ենք կխփենք, ամեն ինչ ձեւական է, ոչ օրենք կա, ոչ բան, միայն անարդարություն է»,-ասաց նա։

Պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ  հայտարարեց, որ բողոքում է Արտուշ Գաբրիելյանի կայացրած որոշման դեմ եւ հեռանում է նիստերի դահլիճից։

«Ձեր կամայական եւ ապօրինի որոշումների դեմ բողոքում եմ եւ գտնում եմ, որ իմ ֆիզիկական ներկայությունը կվնասի իմ պաշտպանյալներին եւ լքում եմ դատական նիստերի դահլիճը»,-ասաց նա։

Դատավորը հայտարարեց, որ պաշտպանն իրավունք չունի լքելու դատական նիստերի դահլիճը, սակայն Շուշանյանը հեռացավ նիստերի դահլիճից։

Արմեն Լամբարյանը հայտարարեց, որ անիմաստ է իր դատարանի դահլիճում մնալը եւ նույնպես լքեց դատարանի նիստերի դահլիճը։ Դատավոր արտուշ Գաբրելյանը նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ 5 ժամով հեռացնելով  դատական նիստերի դահլիճից։

Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մուշեղ Շուշանյանի արարքի ննկատմամբ որոշում կայացնելու։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: