Սիրիայի քրդաբնակ Աֆրինում թուրքական ներխուժումը տեղի է ունեցել ՌԴ–ի համաձայնությամբ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 25–ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայի համար Սիրիայի քրդերի ներկայությունը երկար ժամանակ գլխացավանք է հանդիսանում, իսկ գործողություն սկսելու համար թուրքերը հարմար պահի էին սպասում։  «Սիրիայի սահմանին քրդերից կազմված սահմանապահ զորքեր ստեղծելու ԱՄՆ հայտարարությունը ստիպեց Թուրքիային արագ նախաձեռնել Սիրիայի քրդերի զինված կառույց հանդիսացող YPG–ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) դեմ հարձակումը։

Թուրքիան ՌԴ–ի հետ հարձակմումը համաձայնեցնելուց հետո սկսեց գործողությունը։  Հարձակումից 2 օր առաջ Թուրքիայի հետախուզության պետն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ՌԴ–ում էին։ Այսինքն, կարելի պնդել, որ ՌԴ–ն կանաչ լույս է վառել թուրքերի համար Աֆրինում։

Ուշադրության է արժանի նաեւ ԱՄՆ–ի  պահվածքը, քանի որ հենց ԱՄՆ–ը երկար ժամանակ զինել ու ֆինանսավորել է YPG–ին ԻՊ–ի դեմ պայքարում եւ հիմա նրա լուռ հայացքի ներքո հարձակվել են YPG–ի վրա»,–նշեց բանախոսը՝ շեշտելով, որ արտառոց երեւույթ է, որ աշխարհի կողմից դե ֆակտո լեգալ ճանաչված YPG–ն զինված հարձակման է ենթարկվում եւ աշխարհը լուռ հետեւում է դրան։

Թուրքագետը նշեց նաեւ, որ Սիրիայի իշխանությունները եւս իրենց համաձայնություն են տվել Աֆրինի քրդերի դեմ թուրքական ներխուժմանը, քանի որ չափից ավել հզորացած YPG–ն հրաժարվում էր ենթարկվել սիրիական իշխանություններին։

Թուրքագետի խոսքով՝  Աֆրինի գտնվում է ռուսական ազդեցության գոտում եւ ԱՄՆ–ը այդ հատվածով առանձնապես հետաքրքրված չէ եւ այլ շահեր ունի, որի արդյունքում էլ Աֆրինի քրդերը դարձան գերտերությունների շահերի զոհը։