Կահիրեում սկսվել է Ռամզես 2-րդի վիթխարի արձանի տեղափոխման գործողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրի հնությունների նախարար Հալեդ ալ Անանիի հայտարարությամբ՝ գործողությունը կտեւի մոտ 1 ժամ:
Ավելի քան 3000-ամյա 11-մետրանոց եւ 83 տոննա քաշով արձանը դրվել է հատուկ կցորդների վրա եւ հուսալիորեն անշարժացվել է՝ մոտ 400 մետր տեղափոխելու համար: Այն տեղափոխում են հորիզոնական դիրքով, որ նրա վրա ճնշումը նվազագույնի հասնի: Ճանապարհը, որով արձանը տեղափոխվելու է նախապես հավասարեցվել եւ ամրացվել է: Մինչեւ տեղափոխումը նաեւ գործընթացի նմանակում է կատարվել՝ համոզվելու համար, որ ճանապարհը կդիմանա արձանի ծանրությանը:
Արձանը կտեղակայվի Մեծ եգիպտական թանգարանի նոր նախասրահում: Վարդագույն գրանիտից արձանը Մեմֆիսում է հայտնաբերվել եւ 1954 թվականին տեղադրվել է Կահիրեի Երկաթուղային հրապարակում: Որոշվել է այն Գիզա տեղափոխել 2006 թվականին, որպեսզի չվնասվի գնացքների շարժումից առաջացող տատանումներից: Արձանի պատճենը տեղադրված է Կահիրեի օդանավակայան տանող ճանապարհին:




























