Կաշառք վերցնելու գործով կալանավորված նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը, որն օրերս գլխուղեղի կաթված է տարել, շարունակում է մնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: NEWS.am-ի հետ զրույցում Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ պետք է միջնորդությամբ հանդես գան, որպեսզի Իշխան Բարսեղյանը քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվի: Նշենք, որ դատարան հրավիրված շտապօգնության բժիշկը հայտարարել է, որ Իշխան Բարսեղյանին ստացիոնար բուժում է հարկավոր:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:




























