Ամանորի գիշերը  «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի  առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի՝ հանցագործությունը պարտակելու համար:

2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ  Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ տեղում պարզել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Ամանորի գիշերը՝ 2018 թվականի լույս հունվարի 1-ին, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը եւ հափշտակել առկա կանխիկ գումարը եւ քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ,մեխանիզմը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի   հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը։ Նախնական քննության տվյալներով՝ գողության իրականացումը ծրագրվել է դեռեւս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ քաղաքացու հետ, ով Երեւանի բնակիչ է, իսկ գողությունը կատարվել է երկու փուլով։ Նախ՝ 2017թ. դեկտեմբերի 29-ի երեկոյան՝ մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչն անջատել է թվային տեսագրության համակարգը եւ դրամապահոցից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը եւ առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Ապա՝ պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, մյուս քաղաքացին, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը եւ գումարը:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են կառավարչի կողմից դեկտեմբերն 29-ին հափշտակված գումարը եւ ոսկյա զարդերը։ Քրեական գործով ձեռնարկված օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ կառավարչի խնդրանքով դրանք իր տանն է թաքցրել Շիրակի մարզի 1981թ. ծնված բնակիչը։ Վերջինս կառավարչի խնդրանքով դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23-ի սահմաններում, հանդիպել է նրան եւ իմանալով կատարված հափշտակության մասին՝ գողոնը տեղափոխել է Ախուրյան եւ թաքցրել իր տանը, ինչը հայտնաբերվել եւ առգրավվել է հունվարի 4-ին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շիրակի մարզի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ մասնաճյուղի կառավարչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Երեւանի բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: