Սարի թաղում 2016թ. հուլիսին ոստիկանության հետ բախումների ընթացքում կալանավորված 10 բնակիչների գործով նիստին այսօր՝ հունվարի 25-ին, հարցաքննվեց գործով վկա ոստիկանը: Վկա Ռազմիկ Խառատյանը պատմեց, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին անվտանգության նկատառումներով քաղաքացիներին հորդորել են դուրս չգալ տներից, որի հետեւանքով էլ վիճաբանություն է սկսվել: Թե ինչու ոստիկանները քաղաքացիներին թույլ չեն տվել իջնել Խորենացի փողոց, որտեղ այդ ժամանակ ընթացել են ցույցեր, վկան բացատրել է:

«Գնդից հաճախ անկանոն կրակահերթեր էին տեղի ունենում, քաղաքացիները կարող էին տուժել: Նրանք փորձում էին առաջ գնալ, մինչդեռ ելումուտն արգելված էր՝ նրանց իսկ անվտանգությունից ելնելով թույլ չեն տվել: Մի մասը բղավում էր, որ գազ ու ջուր չունի, մի մասն էլ ուզում էր ՊՊԾ գնդի տղերքին միանա:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները: