Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 25-ին, «Պատանի լրագրողների» դպրոցում 22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության գործով ցուցմունք է տվել ամբաստանյալը: Վահան Ղազարյանը մանրամասն պատմել է, թե դեպքի օրը Լեւոն Սահակյանի հետ ինչ հարցի շուրջ է եղել վիճաբանությունը եւ ինչպես է նրան հարվածել դանակով, սակայն, նա չի կարողացել հիշել եւ դատարանին հայտնել, թե ինչպես է երկրորդ անգամ հարվածել Լեւոնի սրտին: NEWS.am-ի հետ զրույցում Լեւոն Սահակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը նշեց, որ ամբաստանյալի դատաքննական ցուցմունքում մի շարք հանգամանքներ չեն համապատասխանել ոչ միայն նախաքննական ցուցմունքներին, այլեւ հենց դատաքննական ցուցմունքի ժամանակ ակնհայտ հակասական տեղեկություններ է նա հայտնել:
«Դանակահարության հետ կապված, նա գրեթե ամեն ինչ մանրամասն հիշում էր, բացի սրտին խփելու պահից, սա առնվազն կասկածելի էր: Նա հստակ հիշում էր, որ ծալովի դանակը բացել է գրպանի մեջ, հիշում է, որ ոտքին հարվածել է, բայց մյուս հարվածը չի հիշում: Բայց հստակ հիշում է, թե այդ հարվածից հետո ինչ է տեղի ունեցել: Մեզ այդ ամենից պարզ դարձավ, որ Վահան Ղազարյանը ոչ միայն շատ լավ հիշում է տեղի ունեցածը, այլեւ փորձում է այնպես անել, որպեսզի մեղմի իր արարքը, մեղմ պատասխանատվության ենթարկվի: Հուսով եմ, որ դատարանն այս ամենը հասկանում է»,-ասաց Արայիկ Պապիկյանը:
Նա նշեց, որ այսօր նաեւ Վահան Ղազարյանը ցավակցել է Լեւոնի հորը. «Տեւական ժամանակ դատական նիստեր ենք ունեցել եւ միայն այսօր նա հարկ համարեց ցավակցել տուժողի իրավահաջոդին, դրանով եւս, հավանաբար, ցանկանում էր, վերաբերմունք փոխել»:
Պաշտպանական կողմը միջնորդել է հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, դատարանը բավարարել է: Այն կհրապարակվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա փետրվարի 15-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածն աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, սակայն աշխատավարձ այդպես էլ չի ստացել: Դեպքի օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Վահան Ղազարյանը կալանավորված է:




























