2018 թվականի  հունվարի 19-ին «FOR RIGHTS» տեղեկատվական հարթակում հրապարակվել է «Պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են եւ նվաստացրել» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ Ռազմական ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանի նկատմամբ:

Նկատի ունենալով, որ հոդվածը պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել, եւ պայմանագրային զինծառայողը հրավիրվել է քննչական բաժին՝ հոդվածում մատնանշված հանգամանքների շուրջ հաղորդում տալու։

Քննչական կոմիտեից պարզաբանում են, որ Ռազմական ոստիկանությունը քննչական բաժին չունի, ուստի՝ այս մասով դիտարկվող հոդվածում հրապարակված տեղեկատվությունը թերի է եւ չի համապատասխանում իրականությանը: Պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանն այսօր՝ հունվարի 25-ին, փաստաբանի հետ միասին ներկայացել է 4-րդ կայազորային քննչական բաժին եւ հաղորդում ներկայացրել՝ ռազմական ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ իր նկատմամբ բռնություն կիրառելու, N զորամասի հրամանատարի կողմից իր արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ։

ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի կողմից մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: