ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյանը, խնդրել են Սողոմոն Գուգենհայմի թանգարանին Սպիտակ տունը զարդարելու համար ժամանակավորապես տրամադրել հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի նկարը: Թանգարանի տնօրինությունը, սակայն, մերժել է նախագահին՝ փոխարենը ոսկե զուգարանակոնք առաջարկելով: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել թանգարանի եւ Սպիտակ տան աշխատակիցների միջեւ նամակագրությունը:
Ինչպես նշում է թերթը, ոսկե զուգարանակոնքը որոշ ժամանակ թանգարանի զուգարաններից մեկում ներկայացված ինտերակտիվ ցուցահանդեսի մաս է կազմել: «Ամերիկա» անունով արվեստի նմուշը ծաղրում է երկրի հարուստ բնակիչների սովորությունները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Համադրողը նաեւ բացատրել է Սպիտակ տան ներկայացուցիչին, որ Վան Գոգի ձյան բնապատկերը (1888) չի կարող փոխանցվել ԱՄՆ առաջին ընտանիքին, քանի որ մոտ ապագայում պետք է ցուցադրվի թանգարանի իսպանական մասնաճյուղում: Ավելին, կտավը մեծ թանգարանային հավաքածուի մի մաս է, ինչը եւս պատճառ է նախագահի խնդրանքը չկատարելու համար:
Թանգարանում հաստատել են, որ համադրողը 2017 թվականի սեպտեմբերին էլեկտրոնային նամակ է ուղարկել Սպիտակ տան ներկայացուցիչներին, սակայն նամակի բովանդակությունը չի մեկնաբանվել: Սպիտակ տունը WP-ի հարցումներին ի պատասխան ևս լռում է:




























